Դպրոցի մասին

Արթիկի թիվ 7 դպրոցը հիմնադրվել է 1991թ.-ին: Դպրոցի շենքը կառուցվել է Լիտվայի Հանրապետության կառավարության որոշմամբ և նրանց շինարարների անմիջական մասնակցությամբ և որպես նվեր տվել է 1988թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած Արթիկ քաղաքին:

1991թ.-ից մինչև 2009թ.-ը դպրոցը եղել է միջնակարգ , իսկ 2009թ.-ից դարձել է ավագ դպրոց: Թե՛ որպես միջնակարգ և թե՛ որպես ավագ դպրոց՝ ճանաչվել է քաղաքի լավագույն դպրոցներից մեկը: Իր գոյության 26 տարիների ընթացքում դպրոցը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ստացել են բարձրագույն կրթություն թե՛ մեր հանրապետության, թե՛ արտերկրի ճանաչված համալսարաններում և դարձել են իրենց ոլորտի կայացած մասնագետներ: Բավական է նշել միայն այն փաստը, որ յուրաքանչյուր ուսումնական տարում դպրոցի շրջանավարտների 50%-ից ավելին ընդունվում են պետական բուհ, այդ թվում նաև անվճար համակարգ: Դպրոցի սաները բազմիցս հաղթող են ճանաչվել առարկայական օլիմպիադաներում  և համաքաղաքային ու հանրապետական սպորտային միջոցառումներում: Դպրոցի շրջանավարտները նաև պատվով են կատարում իրենց պարտքը հայրենիքի առջև. դրա վկան են բազմաթիվ շնորհակալագրերը, պատվոգրերը և մեդալները՝ ստացված հայոց ազգային բանակում լավագույնս ծառայելու համար:

Այս բոլոր հաջողությունների հիմքում, իհարկե, կանգնած է դպրոցի մանկավարժական հմուտ և արհեստավարժ կոլեկտիվը:

Դպրոցի հիմնադիր տնօրենը վաստակաշատ մանկավարժ Արփիկ Մանանդյանն է, որի ղեկավարման տարիներին (1991-2001թթ.) դպրոցում ձևավորվեցին  մի շարք ավանդույթներ: 2001-2015թթ. դպրոցի տնօրեն դարձավ ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման (1995-1995թթ) պատգամավոր և Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետ (1991-1999թթ) Սերյոժա Բաբոյանը :

2015թ.-ից դպրոցի տնօրենն է Արթուր Հարությունյանը, որը շարունակում է դպրոցում ձևավորված լավագույն ավանդույթները:

Ուսումնական գծով փոխտնօրենը՝ Ռուզաննա Պետրոսյանը, ուսումնական գործը վարում է դպրոցի հիմնադրամից մինչև օրս: Դաստիարակության գծով փոխտնօրեն Սվետլանա Ղուկասյանին (1991-2013թթ) փոխարինել է Արուսյակ Մողրովյանը: